Լայֆսթայլ Մշակույթ

Ի՞ՆՉ ՍԵՐԻԱԼ ԴԻՏԵԼ: 2019-Ի ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Եթե դուք էլ եք անհամբեր սպասում դասերից կամ աշխատանքից տուն վերադառնալուն, որպեսզի վայելեք հանգիստը՝ միացնելով սիրելի սերիալը, ապա պահպանեք այս գրառումը և հերթական սերիալ ընտրելիս առաջնորդվեք մեր խորհուրդներով: Կինոաշխարհի աշնանային եթերաշրջանը սկսված է, և այդ առիթով մենք առանձնացրել ենք 2019-ի այն սերիալները կամ եթերաշրջանները, որոնք արժե անպայման դիտել մինչև աշնան ավարտը:
Դե ինչ. զինվե՛ք թեյով, սուրճով, քաղցրեղենով, և սկսեցինք…

1.CHERNOBYL (HBO) – Չեռնոբիլ

Ո՞րն է ամենաահավորը, որ կարող է պատահել: Սա… Չեռնոբիլի հեղինակները անդրադարձել են 1986-ի միջուկային աղետին` լայնահայաց քաղաքական վերլուծություններով՝ ցույց տալով, թե ինչպես ոչ կոմպետենտ, երկչոտ և եսասեր բյուրոկրատիան կարող է արդեն իսկ աներևակալեյլի վատ իրավիճակը դարձնել հարյուր անգամ ավելի ահավոր: Միախառնելով սարսափը, սև կատակերգությունը, քաղաքական սատիրան և կապելով դրանք բոլորը հարգալից, տեղ-տեղ ողբերգական տոնով, սա TV-ի պատմության այն հզորագույն սերիալներից է, որը ստիպում է խորապես մտածել և ցավալ այն դաժան և մարդատյաց իրականության համար, որի միջով անցել են գրեթե բոլորը:

2. MINDHUNTER (Netflix) – Մտքեր որսացողը

Դեյվիդ Ֆինչերի՝ կրիմինալ հոգեբանության մեջ խորասուզվող Մայնդհանթեր սերիալի երկրորդ եթերաշրջանը կատարյալ է ոչ միայն այն պատճառով, որ հերոսները երբեմնի իրական հանցագործներն են և հոգեբանորեն բացարվում է նրանց դիմանկարը, այլ նաև FBI գործակալ, գլխավոր հերոս Հոլդեն Ֆորդի և Բիլ Թենչի դիալոգները վերջիններիս հետ. արժե ընդգծել հատկապես Չալզ Մենսոնի գիծը: Սակայն, առաջին հայացքից, ինչպես այս, այնպես էլ մյուս էպիզոդները ձգտում են ցույց տալ, թե ինչպես են մի խումբ նվիրյալներ փորձում բացահայտել՝ ինչն է մարդասպանինդրդում հանցագործության՝ առանց հաշվի առնելու, որ նրա վարքագիծը հիմնված է միևնույն մեխանիզմի վրա: Բայց իրականում, սերիալն այն մասին է, թե ինչպես է մարդ արարածը ուշադրություն որոնում տարբեր եղանակներով, և հաճախ որքան շատ է հասնում դրան, այնքան դաժան են դառնում հետագա եղանակները:

3. BIG LITTLE LIES (HBO)- Մեծ փոքր ստեր

Թվում է՝ ֆեմինիզմի դարաշրջանում արդեն այնքան են շատացել կանանց ուժը, իշխանությունը ընդգծող և գովերգող ֆիլմերը, որ դրանց մեջ հաճախ անտեսվում են մնացած բոլոր իմաստները: Սակայն, Big Little Lies-ի պարագայում, որի երկրորդ եթերաշրջանը վայելեցինք 2019-ի ամռանը, իրականության հետ բախումները պատկերված են այնքան էսթետիկ, նուրբ և եթերային երանգներով, որ անգամ հերոսուհիներիապրումները թվում են չափազանց գեղեցիկ: Ֆիլմը միանգամից մի քանի կարևոր հարցեր է շոշափում. կանանց ընկերություն, ժամանակակից բարձրաշխարհիկ կանանց հասարակություն, մայրեր-երեխաներ փոխհարաբերություններ, ընտանեկան և կանացի երջանկության սուբյեկտիվություն. կանացի սոլիդարություն, և իհարկե, ընտանեկան բռնության դեմ պայքար: 2019-ին եթեր դուրս եկած, և ցավոք վերջին եթերաշրջանը իր ներկայությամբ և անզուգական խաղով զարդարում է Մերիլ Սթրիփը. մի խոսքով՝ իսկական դերասանական ասղաբույլ:
Սերիալը դիտելիս անհագ ցանկություն է առաջանում ունենալ մեծ ու շքեղ տուն՝ դեպի օվկիանոս բացվող տեսարանով և կսիրահարվեք Նիքոլ Քիդմանին: Ինչպես նաև ձեր երգացանկը միանգամից կավելանա մի քանի կոլորիտային, նոր ու հրաշալի երգերով:

4. THE BOYS (NETFLIX) – Տղաները

Մանկուց շատերիս ոգեշնչման աղբյուրը դարձել են տարբեր սուպերհերոսներ՝ տարբեր կինոտիեզերքներից: Կինոյի զարգացմանը զուգընթաց՝ բացի DC և MARVEL հանրահայտ սուպերհերոսների ընտանիքներից, հորինվեցին և ստեղծվեցին այլ աշխարհներ ևս՝ որտեղ արտացոլվում էին տվյալ ժամանակաշրջանում մարդկանց պատկերացրած իդեալները, ուժը, քաջությունը, անվախությունը և այլն: Շատ հաճախ դժվարանում ենք առանձնացնել ամենսիրելի սուպերհերոսին, որովհետև նրանք բոլորը գրեթե միշտ անթերի են, սուպերմարդիկ, ում բնորոշ չեն հասարակ մահկանացուներին բնորոշ թերությունները:
Բայց արի տես, որ դաժան ռեալիզմը հանգիստ չի ուզում թողնել նաև անթերի և ուտոպիական սուպերհերոսներին; The Boys սերիալը ներկայացնում է սուպերհերոսներին բոլորովին այլ տեսնակյունից՝ ցույց տալով, թե հաճախ անթերի և գերմարդկային ուժի և հերոսականության հետևում որքան թերություններ կան, ինչ հետևանքներ են թողնում բոլոր հերոսությունները և դրանց բոլոր բացասական կողմերը:

5. LOVE, DEATH & ROBOTS (NETFLIX) – Սեր, Մահ և Ռոբոտներ

Եթե դուք արդեն հասցրել եք դիտել և սիրել Սև հայելին (Black Mirror), ապա պատկերացրեք, թե ինչ կստացվեր, եթե վերցնեինք դրա դիստոպիական ֆուտուրիզմը, բայց մի փոքր ավելի քիչ դեպրեսսիվ և անիմացնեինք: Կստացվեր Դեյվիդ Ֆինչերի նոր՝ Սեր, Մահ և Ռոբոտներ անթոլոգիան, որը բաղկացած է 18 էպիզոդից՝ յուրաքանչյուրը 15 րոպե: Այն նկարագրում է այն ապագան, որը անիրատեսական չէ, և որին, կարծես թե, ձգտում է ներկայիս աշխարհը՝ հաղթահարված ֆիզիկայի օրենքներ, չսահմանաված արժեքներ և կիբերպանկ:

Related posts

10 պլաններ և գաղափարներ Իլոն Մասկից՝ ներկայի և ապագայի համար

Narine Abgaryan

ՆՈՐ APP-ԵՐ՝ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Narine Abgaryan

Ինչ նվիրել ընկերուհուն աշնանը

Narine Abgaryan