Քաղաքականություն

Արման Բաբաջանյան. «Թյուր կարծիք կա, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թյուր կարծիք կա, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է: Պետությունները հենց նրանով են պետություն, որ կարողանան ուժեղների միջև հարաբերություններում ապահովել սեփական շահն ու պաշտպանվածությունը և այդ հարաբերությունների զոհ դառնալու փոխարեն դառնան, փորձեն ընդամենը առկա իրավիճակում պաշտպանել սեփական շահերը: Ավելին` նույնիսկ պետություն չունեցող հասարակությունները բավարար արժանապատվություն և կամք ունենալու պարագայում կարողանում են, առանց պետականության գործիքների և ինստիտուտների, հետապնդել իրենց շահերն ու պաշտպանվել` չդառնալով խամաճիկ կամ խաղալիք: Եվ այս դեպքում առավել ևս ամոթ և խայտառակություն է, երբ խաղալիք կամ խամաճիկ են դառնում պետականություն ունեցող հասարակությունները: Ըստ որում` այդ ամենից բացի էլ, դեռ փորձում են իրենց այդ վիճակը վերածել արդարացման միջոցների:

Ահա այս իրավիճակում, առնվազն անմեղսունակություն է հղում կատարել այս հարաբերությունների խրթին լինելուն և դրանով արդարացնել այն սխալները, որ կատարվել են պարզապես սեփական կամքի բացակայության, սեփական արժանապատվության և սեփական պատկերացումների ու գաղափարների բացակայության հետևանքով: Այսինքն` Հայաստանը չի եղել անելանելի վիճակում, փակուղային վիճակում, Հայաստանը ունեցել է անելու քայլեր, Հայաստանը ունեցել է գործողությունների դաշտ, և հետևաբար` առնվազն այս պայմաններում պարզապես կա՛մ քաղաքական անմեղսունակություն, կա՛մ թուլակամություն և կա՛մ էլ անամոթություն է խնդիրները Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա բարդելը: Այդ դեպքում որևէ այլ բան չի մնում, քան պարզապես լուծարել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի միջև երբևէ չի լինելու երկարաժամկետ խորքային համաձայնություն, հետևաբար` Հայաստանի համար երբևէ չի լինելու, այսպես ասած, կայունություն:

Իրավիճակն առավել անհեթեթ է դառնում, երբ ասվում է, որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ որևէ պահանջ ներկայացնելուց առաջ պետք է իր հարաբերությունները ճշտի Ռուսաստանի հետ: Այսինքն` այստեղ ևս նույն ենթատեքստն է՝ մեզանից ոչինչ մի ուզեք, հարցրեք, ակնկալեք, քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել հավանությունը կամ քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել մեր հետ հարաբերությունների դոզայի ավելացման թույլտվությունը:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական թիվ մեկ հրամայականը հենց ինքնուրույնության կամային հատկանիշների դրսևորումը պետք է լիներ, ինչը ենթադրում էր ներքին և արտաքին քաղաքականությունների զուգահեռ մոդեռնիզացիա, նաև հասարակության պատկերացումների մոդեռնիզացիա այս հարցերում, որպեսզի զուգահեռաբար նաև տեղի ունենար այս հարցի համար կարևոր հասարակական պատվերի վերաիմաստավորում կամ ընդհանրապես նոր պատվերի ձևավորում:

Ի վերջո, գերտերությունների հարաբերությունների զոհ լինելու հանգամանքը նաև իշխանական ուղղակի կամ անուղղակի պատվեր է, քանի որ այդպիսով ակամայից արդարացվում է Հայաստանի իշխանության անկենսունակությունը քաղաքական ներքին ու արտաքին մոդեռնիզացիայի հարցում, նաև քաղաքական դաշտի անկենսունակությունը, քանի որ այս պարագայում ստացվում է, որ քանի դեռ գերտերությունները կռվում են, ինչ կարող է անել Հայաստանի որևէ իշխանություն կամ ընդդիմություն: Այսինքն` այսպիսով փոշիացվում է կոնկրետ սուբյեկտների շատ կոնկրետ պատասխանատվությունը»:

Թյուր կարծիք կա, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է: Պետությունները հենց նրանով են…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Sonntag, 3. November 2019

Related posts

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն Անվտանգության խորհրդի նիստում

Zara Hovhannisyan

Երևանի պոլիկլինիկաները վերազինվում են՝ կանխարգելելու սուր շնչառական վարակները

Zara Hovhannisyan

«Պետությունը երբեք հոգ չի տարել գիտության մասին». ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյան

Zara Hovhannisyan